2018-ին ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքերի վրա արվել է հակերային հարձակման 3 մլն փորձ
2018 թվականի 11 ամիսների ընթացքում ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքէջերի վրա 3 մլն հակերային հարձակման փորձ է արվել։
Այս մասին այսօր Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը։
«Հակերային հարձակման փորձի 3մլն դեպք է գրանցվել միայն ՀՀ կառույցների պետական կայքէջերի վրա, դրանք փորձեր են համարվում, որովհետև նպատակին չեն ծառայել։ Հակերային հարձակման փորձերն արվել են ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև եվրոպական երկրների կողմից»,-ասաց Քինակցյանը։
Նա նշեց, որ խոսքը միայն պետական կառույցների կայքերի մասին է, որովհետև դրանք են գտնվում ԱԱԾ-ի տիրույթում։ Քինակցյանն ասաց, որ եղել են դեպքեր, որ դանդաղել է կայքերի աշխատանքը և այլն, սակայն այդ հարձակումները նպատակին չեն հասել։