«Լուրերում» մերժում են Պետրոսին. Հանրայինում լարված իրավիճակ է
Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Facebook-ի իր էջում նա տեղեկացրել է, որ «քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում»:
Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Aysor.am-ի տվյալներով, սակայն, Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մասնավորապես, լարվածություն է առաջացել է մեկնաբան Պետրոս Ղազարյանի Հանրային տեղափոխվելուց որոշ ժամանակ անց: Պետրոս Ղազարյանը, հիշեցնենք, երկար տարիներ աշխատում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող «Կենտրոն» հեռուստաընկերությունում:
Aysor.am-ի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնին է ձգտում Պետրոս Ղազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հովանավորությամբ:
Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում, ըստ Aysor.am-ի խիստ հավաստի աղբյուրների, մերժում են Պետրոս Ղազարյանին, և նրա հնարավոր նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել աշխատակիցների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ կփոխվի անձնակազմը, կհեռացվեն արդեն աշխատող լրագրողները՝ նոր աշխատակազմ ստեղծելու պատրվակով:
«Մեծ խնդիր է համարվում Ղազարյանի մարդկային որակներն ու մասնագիտական կոմպետենտությունը՝ հաշվի առնելով նրա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում լրատվականի տնօրեն աշխատելու անհաջող փորձը», - ասաց Aysor.am-ի աղբյուրը:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում, բացի պատգամավոր Ալեն Սիմոնյանից, աջակցում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: