«Ռոսկոմնադզորը» սպառնում է Ռուսաստանում արգելափակել Google-ը
Google ընկերության կողմից որոնման արդյունքերում արգելված բովանդակության նյութերի ֆիլտրման պահանջի չկատարման դեպքում օրենքում փոփոխություններ կկատարվեն, որով կթույլատրվի արգելափակել որոնողական համակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինին։
«Գործող օրենքը չի ենթադրում արգելափակում, բայց ենթադրում է վարչական տուգանք»,-հայտնել է նա։
Սուբոտինի խոսքով՝ փոփոխություններ կարող են կատարվել «Տեղեկատվության մասին» դաշնային 149 օրենքում, որով կարգավորվում է ինտերնետ ոլորտը։
«Մենք նկատի ունենք մանկական պոռնոգրաֆիան, ինքնասպանությունները, թմրանյութերը, ազարտային խաղերը, ալկոհոլի վաճառքը։ Մենք խոսում ենք ծայրահեղականության ու ահաբեկչության մասին։ Հենց այդպիսի տեղեկությունն է մեզ մոտ արգելված եւ հենց դա ենք ցանկանում, որ Google-ը ֆիլտրի»,-պարզաբանել է նա։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» Google-ին տուգանել է 500 հազար ռուբլով արգելված կոնտենտը ֆիլտրելուց հրաժարվելու համար։