Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիրում հացադուլ անող 23 քուրդ կանանց
Թուրքական ոստիկանությունը գործողություն է կատարել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի նահանգային գրասենյակում: Գործողության արդյունքում ձերբակալվել է 23 կին, որոնք հացադուլ էին անում կուսակցության գրասենյակում: Ձերբակալվածները տեղափոխվել են Դիարբեքիրի ոստիկանություն: Ձերբակալման պատճառի մասին տեղեկություն չի տրամադրվել:
Քրդամետ կուսակցությանը հարող դիարբեքիրցի կանայք հացադուլ էին սկսել՝ իրենց զորակցությունը հայտնելով ԺԴԿ-ական կալանավորված պատգամավոր Լեյլա Գյուվենին: Վերջինս մեկուսարանում հացադուլ էր սկսել՝ բողոքելով քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին մեկուսի բանտում պահելու դեմ:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը հանդիսանում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հիմնադիրն ու առաջնորդը:
1978թ. հիմնված կուսակցությունը, 1984-ից մինչև այսօր որոշ ընդհատումներով պարտիզանական պայքար է մղում թուրքական կառավարության դեմ՝ պահանջելով Թուրքիայում ապրող քրդերի անկախություն կամ ինքնավարություն: 1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:
Աղբյուր` Sputnik