Դոդոնը կրկին հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից
Մոլդովայի սահմանադրական դատարանն Իգոր Դոդոնին կրկին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պաշտոնից, հայտնում է rt.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա արվել է Դոդոնի հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունելու նպատակով:
«Կան հանգամանքներ, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը պաշտոնից: Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները»,- հայտարարել է սահմանադրական դատարանի նախագահը:
Նա մանրամասնել է, որ օրենքը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն ստորագրի խորհրդարանի նախագահը:
Դոդոնին արդեն մի քանի անգամ ժամանակավորապես հեռացրել են նախագահական պարտականությունների կատարումից:
Արտաքին քաղաքականության հարցում համաձայնության չգալու հետևանքով Մոլդովայի նախագահի ու կառավարության միջև դիմակայությունը շարունակվում է մեկ տարուց ավելի. Դոդոնը Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից է, իսկ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն արևմտամետ են: