Ցտեսություն, թախիծ (մաս 5-րդ )
Այս թեմայով
- Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
- Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
- Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
- Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Երբ Ամերիկա տեղափոխվեցի, համոզվեցի, որ արևից և լուսնից բացի մնացած ամեն ինչ ճիշտ հակառակն է : Հակառակն է նաև դեպրեսիայի առաջացման և հաղթահարման վերաբերյալ մեր ավանդական պատկերացումը : Ընդունված է կարծել, որ մենք լաց ենք լինում, քանզի ընկճված ենք: Այստեղ հակառակ ըմբռնումն է - մենք ընկճված ենք, որովհետև լաց ենք լինում : Գիտենք, որ մենք ժպտում կամ ծիծաղում ենք, որովհետև ուրախ ենք : Ամերիկայում հակառակն է - մենք ուրախ ենք, քանզի շարունակ ժպտում և ծիծաղում ենք : Եվ այսպես, շարունակ.
1. Մենք տխրում ենք, ոչ թե եկամուտի պակասից, այլ մեր եկամուտը չի աճում, մենք առաջընթաց չենք ունենում, որովհետև դեպրեսիայի մեջ ենք:
2. Ընկճվում ենք ոչ այն պատճառով, որ մեր ստացածն ու ծախսածը իրար չեն բռնում, այլ որովհետև մեր տխուր-տագնապալի հոգեվիճակը թույլ չի տալիս , որ խելամիտ կերպով կարգավորենք-ապահովենք մեր տնտեսական կյանքի համաչափությունը:
3. Մենք տխուր ենք ոչ այն բանի պատճառով, որ փող չունենք, այլ, ընդհակառակը, փող չունենք, որովհետև ... մեր ուղեղը շարունակ ,,տխրություն է արտադրում,, : Ահա այսպիսի տրամագծորեն հակառակ պատկերացումներ : Առաջին շրջանում, երբ առավոտյան գնում էի Գրիֆիթ պարկ մարզանքի, և փողոցում օտար մարդիկ իրար ժպիտով բարևում էին, կամ վերելակում, հանրային միջավայրում օտարները ժպտադեմ իրարու որպիսություն էին հարցնում, մնում էի զարմացած ( սկզբում նույնիսկ մի թեթև զայրանում էի ) , թե էս մարդիկ ինչի վրա են այսպես լայնաբերան ժպտում( դեռ հայաստանյան ,,դեպրեսիվ շորշոփը,, վրաս էր ): Մեկ էլ Հայաստանի հեռավոր գյուղերում են անծանոթներն իրար բարևում, իրարու ,,հալ հարցնում,,: Մտածում էի.,, Սրանք գյուղացի են, ինչ են ?! :) ,,: Բայց տարիների ընթացքում համոզվեցի, որ ամերիկյան հանրային կյանքում մշակված է այսպես կոչված ,,հակադեպրեսանտ վարքականոն,, , որի նպատակն է.
1. քո անձնական կյանքի ցավերն ու մորմոքը ի ցույց չդնել հասարակության մեջ, որը բացասաբար կարող է ազդել քո սոցիալական ( աշխատավորական ) կերպարի վրա: Տխուր աչքերով, կնճռոտ հոնքերով, բերանի կախված անկյուններով դու երբեք չես կարողանա գործ գտնել Ամերիկայում :
2. քո հույզերով և մռայլ տրամադրությամբ դու իրավունք չունես ,,բռնանալու,, կամ ճնշելու դիմացինի ուրախ լինելու իրավունքը :
Երբ քեզ ժպիտով հարցնում են .,,Ինչպես եք ?,,: Դա զուտ բարեմիտ-քաղաքավարական դիմելաձև է. չպետք է շուռ գաս, սկսես ,,խորտակված կյանքդ ,, շարադրել :) : Դու էլ պիտի հակադարձես նույն ուրախ, քաղաքավարական երանգով.,, Շատ լավ եմ, դուք ինչպես եք ? ,, :
Եվ իրոք, անծանոթը ( և ոչ միայն անծանոթը, նաև հաճախ ընտանիքի անդամը ) քո հոգեբանը չէ, հոգեբույժը չէ, որ քո գանգատները լսի, քննի , հետազոտի, կամ ի զորու լինի քեզ անհրաժեշտ խորհուրդներ տալու : Նա նույնիսկ քեզ լսելու ժամանակ չունի :
Առաջին շրջանում հաճախ էի մտաբերում Գորկու ,, Դեղին դևի քաղաքը,, և Տերյանի մորմոքը .,, Քաղաքներ ձեր մեջ կա դժոխքի մի շշուկ...,, : Հետո ... սկսեցի ժպալ : ( Շարունակությունը - հաջորդիվ )
Վարդգես Դավթյան