Սանտա Կլաուս իրականում չկա. ամերիկացուն ձերբակալել են երեխաներին ճշմարտությունը բացահայտելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգում իրավապահները ձերբակալել են 31-ամյա տղամարդու, որը երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուսն իրականում գոյություն չունի:
Ինչպես նշում է AL Arabiya-ն, տղամարդը՝ Ահարոն Ուրբանսկին, բողոքական եկեղեցու անդամ է: Դեպքը տեղի է ունեցել Քլիբըրն քաղաքի եկեղեցում, որտեղ Սանտա Կլաուսի մասնակցությամբ մանկական միջոցառում էր կազմակերպվել: Ուրբանսկին իրարանցում է առաջացրել երեխաների շրջանում՝ հայտարարելով, որ Սանտա Կլաուս չկա:
Չորս երեխայի հետ եկեղեցի եկած կինը պատմել է, որ Ուրբանսկին և նրա ևս մի համախոհ մոտեցել են իրեն ու ասել. «Ինչո՞ւ եք թույլ տալիս Ձեր երեխաներին հավատալ կեղծ Սանտային: Նրանք գիտե՞ն ով է Հիսուսը»:
«Երբ ես նրանց խնդրեցի չփչացնել երեխաներիս տոնն ու չվերացնել Սանտայի գոյության նկատմամբ հավատը, նրանք սկսեցին բղավել, որ Սանտան իրական չէ և որ ես սխալ եմ այս հարցում»,-պատմել է կինը:
Այնուհետև ժամանել է ոստիկանությունն ու ձերբակալել Ուրբանսկիին: