Ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն ինքնիշխան հզոր եւ բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի հանրապետության համար։ Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանն ասաց, որ ինքը վստահում է ժողովրդին, եւ չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ տալ՝ չխախտելու համար նաեւ լռության կարգը։
Հարցին թե, ոստիկանապետն ասել է, թե աննախադեպ քարոզարշավ է իրականացել, համամիտ է արդյոք այդ տեսակետի հետ, Վարուժան Աետիսյանն ասաց. «Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե քարոզարշավն ինչպիսին է եղել, դա իր պարտականությունների մեջ ընդհանրապես չի մտնում եւ մեր պատկերացրած Հաայաստանում առհասարակ ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց եւ քաղաքականության մեջ մտնելուց, սա անցումային վիճակ է եւ համոզված ենք, որ շուտով մենք երեւույթների ականատես չենք լինի»։
Վարուժան Ավետիսյանը ընտրողներին կոչ արեց ակտիվ լինել, մասնակցել ընտրություններին եւ գիտակցված ձեւով իրենց կամքն արտահայտել հանուն Հայաստանի ապագայի։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am