ԱՄՆ֊ը Հալեպում ենթադրյալ քիմիական հարձակման մեջ մեղադրում է Բաշար Ասադի բանակին և ռուս զինվորականներին
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները առնչություն չունեն Հալեպում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման հետ:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը տեղ ունեցածում մեղադրում է Բաշար Ասադի բանակին և ռուսաստանցի զինվորականներին:
Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը և Ասադի ռեժիմը գազային հարձակում են իրականացրել խաղաղ բնակչության դեմ, որպեսզի խարխլեն Իդլիբի հրադադարը:
Նոյեմբերի 24-ին սիրիական իշխանությունները զինված ընդդիմությանը մեղադրել են քիմիական հարձակման մեջ, որի թիրախ են դարձել խաղաղ բնակիչները: Սիրիական պետական SANA գործակալությունը հաղորդել է 104 տուժածի մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանից:
Սիրիական ընդդիմությունը հերքել է մեղադրանքները, մտավախություն հայտնելով, որ քիմիական հարձակումը կարող է օգտագործվել Իդլիբում ռազմական գործողություն սկսելու համար:
Ենթադրյալ քիմիական հարձակումը հետաքննում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: