Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Դա հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից: Դա բառի բուն իմաստով տնտեսական ինքնիշխանության բարձրացում է»,- նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդման կարևորությունը:
Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: ՌԴ նախագահի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր:
Հավելենք, որ նիստի ընթացքում Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին՝ 2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշել է Պուտինը: