Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն
Բավական հնչեղ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե «Հայբուսակ» համալսարանի կողմից տրամադրված դիպլոմներին, այլև Իսրայելի առողջապահության նախարարության կողմից տրամադրված աշխատանքային արտոնագրերին: Այս մասին ասվում է «Հայբուսակ»-ի հաղորդագրության մեջ, որը համալսարանը տարածել է ի պատասխան օրեր առաջ տեղի ունեցած կեղծ դիպլոմների շուրջ սկանդալին:
Հիշեցնենք, որ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են հայաստանյան բուհերի՝ այդ թվում նաև «Հայբուսակ» համալսարանի դիպլոմներ։ Ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում:
««Հայբուսակ» համալսարանը պատասխանատու է Հայաստանում կրթության կազմակերպման և որակի համար, իսկ աշխատանքային արտոնագրի տրամադրումն արդեն այն երկրի գործառույթների շրջանակում է, որտեղ պետք է գործունեություն ծավալի տվյալ մասնագետը։
Հայաստանյան բուհական համակարգում արդեն 27 տարի գործող «Հայբուսակ» համալսարանը շուրջ 15 տարի կրթում է նաև արտասահմանյան ավելի քան 30 երկրների քաղաքացիների։
Հայտնում ենք նաև, որ «Հայբուսակ» համալսարանում սովորող յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող մեր երկրում գործող պետական պատկան բոլոր մարմինների միջոցով մշտապես անցնում է անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգով, որից հետո իրականացվում է նրանց կրթությունը։
Վստահեցնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որտեղից ուսանողներ են գալիս սովորելու մեզ մոտ։
Այդ ամենի արդյունքում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվի են առնվում նաև այդ երկրներից ներկայացվող պահանջները՝ ինչը տարեցտարի մեծապես նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Մենք մշտապես կարևորել ենք մեր գործունեության թափանցիկությունը, տասնամյակներ շարունակ ձևավորած բարի համբավը, հեղինակությունը և սկզբունքորեն բացառում ենք, որևէ տեսակի կեղծ փաստաթղթի առկայություն, որը կարող է առնչություն ունենալ մեր համալսարանի հետ։
Համոզված ենք, որ Իսրայելում ծագած այս խնդիրը կարճ ժամանակում կհանգուցալուծվի և կպարզվեն կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք, բնականաբար չենք կարող առնչություն ունենալ «Հայբուսակ» համալսարանի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։