Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասին հեռուստահաղորդում կվարի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական ZIK հեռուստաալիքով քաղաքական թոք շոու կվարի, գրում է Newsgeorgia.ge կայքը՝ հեռուստաալիքին հղումով:
Հաղորդման անվանումն է «Ջոկերներ. Նախագահական ուղին» («Джокеры. Путь в президенты»): Շոուն Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների մասին ֆիլմաշար է և եթեր կհեռարձակվի վաղը:
«Ես գիտեմ, թե նախագահին ինչպիսի հատկանիշներ են պետք իր երկրի քաղաքացիներին արժանի կյանքի պայմաններ ստեղծելու համար, հետևաբար՝ որոշեցի թարմացնել ուկրաինացիների հիշողությունը, որպեսզի նրանք 2019թ.-ին գիտակցված ընտրություն կատարեն», - ասել է Սաակաշվիլին:
Ըստ ամենայնի՝ հաղորդումը կվարվի հեռակա կարգով:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013թ.-ին նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի լրանալուց հետո և այլևս հայրենիք չի վերադարձել: 2015թ.-ին նրան Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհվել, որից նախկին նախագահը զրկվել էր 2017 թ.-ին: Այնուհետև Սաակաշվիլին վտարվել էր Ուկրաինայից, և այժմ գտնվում է Նիդեռլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը մինչև 2021 թ.-ն արգելել է նրա մուտքը երկիր: