Չկար ամենակարևորը՝ պետության և մեր բոլորի կյանքի առաջիկա տեսլականը
Երեկ ողջ երեկո և ողջ գիշեր քննարկվում էր տեղի ունեցածը։ Երեկ տեղի ունեցավ մի բան, որը միայն տագնապ ու անհանգստություն է առաջացնում։ Մնացած էմոցիաները, հումորը և էպիզոդիկ վերլուծությունները երկրորդական են՝ առանց կիրառական նշանակության։
Սա անցումային փուլի քաղաքական էլիտան է, որն ունի բոլոր շանսերը՝ Հայաստանը տանելու փորձությունների և վթարների։
Կար զանգվածների լիդեր, որի ամենակարևոր արգումենտը, ցավոք սրտի, մարդ բռնելն է, կառավարման ամենակարևոր ինստիտուտը՝ ԱԱԾ-ն։ Եվ ամենավտանգավորը՝ զանգվածների լիդերը կարծես թե հակված է միշտ զանգվածների «սրտով գնալու»։ Այս վտանգները հասարակության կրթված շերտերը հասկացել են, իսկ մեծաթիվ զանգվածը՝ ոչ։
Կար զանգվածների կողմից մերժված ուժ, որի ցուցակը գլխավորում է մի մարդ, ում գիտելիքն ու փորձը, թերևս ամենաշատն են, բայց որը, իր կամքից անկախ, այս պահին տանում է «անցյալի բեռը», հետևաբար՝ բեկումնային հաջողության այս պահին չի կարող հավակնել։
Կար նոր դեմքերով մի խումբ, հիմնականում՝ առողջ մտածողությամբ, որն այս ընտրություններում փորձի և կառույցների բացակայության պատճառով ունի չնչին շանսեր։
Կային մարդիկ, որոնք ունեն մեկ նպատակ՝ ցանկացած ձևով հայտնվել ԱԺ-ում։ Սա է նրանց միակ առաքելությունը։ Եվ նրանք մեր հետաքրքրություններից դուրս են։
Կար գործիչ, որը ոչ վաղ անցյալում լայն զանգվածների մոտ ուներ մեծ վարկանիշ, քաղաքական պրոցեսների կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, և որը, սակայն, կարճ ժամանակում այդ ամենից հրաժարվեց՝ նախընտրելով այսօրվա կարգավիճակը։
Կար հարյուրամյա կուսակցություն, որն այսօր հանդես է գալիս հիմնականում ճիշտ ձևակերպումներով, բայց գին է վճարում երեկվա անթույլատրելի կոմպրոմիսների համար։
Էլի կային անհատներ և միավորներ՝ մի քիչ ավել կամ պակաս վտանգավոր, ավել կամ պակաս հետաքրքիր։
Ի՞նչ չկար
Չկար ամենակարևորը՝ պետության և մեր բոլորի կյանքի առաջիկա տեսլականը։ Ու կողքից, այդ ստուդիայից դուրս, պետք է ասես, որ այս կազմով, այս պատկերացումներով, շատ լուրջ պրոբլեմներ են լինելու, որ այս պաշարով սլանում ենք դեպի հերթական պատմական ողբերգությունը։ Բայց չգիտես, թե ում ասես՝ լայն զանգվածները միակուռ են ու ապրում են բացառապես հերթական ձերբակալության լուրով։ Գիտակից շրջանակները ցաք ու ցրիվ են ու դեռևս անձայն։
Ի՞նչ անել
Երաշխավորված ասել, որ այս կամ այն քայլերի հերթականությունը կբերի հաջողության կամ գոնե իրավիճակի շտկման՝ ցավոք հնարավոր չէ։ Որպես իրավիճակային լուծում կենսական անհրաժեշտություն է ԱԺ-ում ունենալ հակակշիռ՝ թեկուզ փոքր, բայց ունենալ։ Տվյալ դեպքում մեկ հակակշիռը պետության համար ավելի կարևոր է, քան 9 աջակիցը։
Ժամանակային ավելի երկար փուլում կա տեսական մի քանի տարբերակ.
Ա) Ն. Փաշինյանը ընտրություններից հետո ավարտում է անցումային փուլը, ինքը իր մեջ անում է վերարժևորում ու փորձում է անցնել ավելի սահուն ու գրագետ կառավարման։
Բ) Վիգեն Սարգսյանը կարողանում է հավաքել նոր թիմ, այդ թվում՝ այսօրվա ցուցակի բազայի վրա, գնում է կուսակցության արմատական բարեփոխման ու հավակնում դառնալ կոնսոլիդացնող կենտրոն
Գ) Գալիս է երրորդ անձ, որը ձևակերպում է ռիսկերն ու անելիքը, կոնսոլիդացնում է հանրությանը, (արդեն սրացող պրոբլեմների ֆոնին) և ներքին համերաշխության, գրագետ զարգացման բանաձևերով վերցնում իշխանությունը։
Կան այլ տարբերակներ, որոնք չենք քննարկում այն պարզ պատճառով, որ դրանցում թշնամու դերակատարությունն ավելի մեծ է լինելու։
Top-news.am