Թրամփը Ջորջ Բուշ ավագի հոգեհանգստին սեղմել է միայն Օբամաների ձեռքը՝ անտեսելով Քլինթոններին (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի ուղեկցությամբ այցելել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի հոգեհանգստի արարողությանը, որին ներկա են եղել բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարթերը, ինչպես նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ինչպես նշում է The Guardian-ը, տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ գործող նախագահը ձեռքսեղմումով ողջունում է Օբամային ու նրա տիկնոջը՝ Միշելին, սակայն միևնույն ժամանակ անտեսում նրանց հարևանությամբ նստած Բիլ և Հիլարի Քլինթոններին:
Հատկանշական է, որ 2016թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնն անգամ հայացք չի գցել Թրամփի ու առաջին տիկնոջ վրա:
Ընտրություններում հանրապետական միլիարդատիրոջ հաղթանակից հետո, Քլինթոնի ու Թրամփի հարաբերությունները խիստ լարվել են: Կողմերը բազմիցս փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել ստախոսության վերաբերյալ: