Վաշինգտոնը վերջին հրաժեշտն է տվել Ջորջ Բուշ ավագին (լուսանկարներ, տեսանյութ)
Վաշինգտոնի մայր տաճարում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությունը:
CNN-ի հաղորդմամբ՝ նախկին նախագահի դին հրետանային հրավառության ներքո բերվել է Կապիտոլիումից, որտեղ երկու օր շարունակ հազարավոր ամերիկացիներ հարգանքի տուրք են մատուցել Բուշ ավագին:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, ինչպես նաև ԱՄՆ չորս նախկին նախագահներն իրենց կանանց հետ՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը: Բոլորը նստած են եղել միևնույն նստարանին: Բազմաթիվ դիտորդներ նշել են, որ Թրամփը ձեռքսեղմում է ունեցել միայն Բարաք Օբամայի և նրա կնոջ հետ:
Հրաժեշտի արարողությոանը ներկա են եղել նաև այլ երկրների պաշտոնատար դեմքեր, ադ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հորդանանի թագավոր Աբդուլա Երկրորդը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Նախկին նախագահի որդին՝ Ջորջ Բուշ կրտսերն իր ճառում ասել է, որ հայրն իրենց համար «գրեթե կատարյալ» էր:
Արարողությունից հետո նախկին նախագահի մարմինն ինքնաթիռով տեղափոխվել է Հյուսթոն, որտեղ Բուշ ավագի ընտանիքը հրաժեշտ կտա հանգուցյալին: Այսօր հրաժեշտի երկրորդ արարողությունից հետո նախկին նախագահի մարմինը կհանգրվանի Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանին կից իր անունը կրող նախագահական գրադարանի տարածքում՝ կնոջ՝ Բարբարայի կողքին:
Հանգուցյալի նախկին խոսնակ Ջիմ ՄըքԳրաֆն ասել է, որ նախկին նախագահը մի անգամ մտածել է՝ արդյո՞ք որևէ մեկը ներկա կլինի իր թաղմանը:
Հիշեցնենք, որ Բուշ ավագը մահացել էր նոյեմբերի 30-ին՝ 94 տարեկանում:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: