Սերբիայի վարչապետը նախազգուշացրել է Կոսովոյում ռազմական միջամտության հնարավորության մասին
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, նախազգուշացրել է, որ կոսովյան բանակի ստեղծումը կարող է հրահրել Սերբիայի ռազմական միջամտությունը Կոսովոյում՝ տեղեկացնում է AP-ն։
Վարչապետը հույս է հայտնել, որ «սերբերը երբեք ստիպված չեն լինի օգտագործել բանակը, սակայն, ցավոք, նման տարբերակը սեղանի վրա է»։
Դեկտեմբերի 14-ին Կոսովոյի խորհրդարանը մտադիր է քվեարկել երկրի անվտանգության ուժերը կանոնավոր բանակի վերածելու օգտին։ Սերբիայի պաշտոնատար անձինք պնդում են, որ բանակը կօգտագործվի Կոսովոյից սերբական փոքրամասնությանը վռնդելու համար, ինչը բազմիցս հերքվել է Կոսովոյի կողմից։
Բրնաբիչը նշել է, որ Կոսովոյի ղեկավարությունը պետք է սթափվի։ «Մենք չենք կարող մի կողմ քաշվել եւ նայել, թե ինչպես է ինչ-որ մեկը սերբերի նոր էթնիկ տարհանում կատարում Բալկաններում»,- ասել է նա։