Գործարարից գողացել են ուղեպայուսակ՝ մեջը փող
Մոսկվայում ոստիկանները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ ռուսական մայրաքաղաքի հարավ-արեւլյան հատվածում անհայտ անձինք հարձակվել են մի գործարարի վրա եւ խլել նրա ուղեպայուսակը, որի մեջ եղել է 40 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Կողոպտիչների սեւ «Մերսեդեսը» կանգ է առել տուժածի մեքենայի մոտ։ Անհայտ անձինք դուրս են եկել մեքենայից եւ զենքի սպառնալիքի տակ պահանջել են ուղեպայուսակը, որը ստանալուց հետո կրկին նստել են մեքենայի մեջ ու մեկնել անհայտ ուղղությամբ։ Հայտարարվել է հետախուզում ավազակային հարձակում իրականացնողներին հայտնաբերելու համար։