Վաշինգտոնը Մոսկվային 60 օր է տվել միջուկային համաձայնագրի պահանջները կատարելու համար
Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է լքել համաձայնագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ռուսաստանին նման վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պահանջները՝ ստեղծելով արգելված հրթիռներ:
«Հաշվի առնելով այս փաստերը՝ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագրի կանոնները: Եվ եթե Ռուսաստանը 60 օրում չվերադառնա իր ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարմանը, մենք ևս կդադարեցնենք մեր պարտավորությունների կատարումը»,-ասել է Պոմպեոն:
Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն աշխարհում սպառազինման նոր խոշոր մրցավազքի մեկնարկ է գուժում, ինչն առաջին հերթին լուրջ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի համար: Հայտնի է, որ հիշյալ համաձայնագրի շնորհիվ միջուկային մարտագլխիկներով հրթիռները երեք տասնամյակից ավելի չեն տեղակայվել Եվրոպայի տարածքում: