Թրամփը տիկնոջ հետ այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Բուշ ավագին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կապիտոլիում՝ իր հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագին, որի դագաղը դրված է շենքում, գրում է Daily Mail-ը:
Թրամփը ժամանել է կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ: Նա երկու րոպե լուռ կանգնել է դագաղի առաջ: Ամերիկյան հեռուստաալիքներն ուղիղ եթերով հեռարձակել են այցը:
Ավելի վաղ Կապիտոլիումում ճառով էր հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես նաև Կոնգրեսի այլ անդամներ: Ինչպես նշում է New York Times-ը՝ Թրամփը, չնայած հոգեհանգստի արարողությանը հրավիրված լինելուն, ճառ չի արտասանել:
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մարմինը երեկ Կապիտոլիում էր բերվել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից, որտեղ նա անց է կացրել կյանքի վերջին տարիները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշ ավագը կյանքից հեռացել է նոյեմբերի 30-ին՝ 94 տարեկանում: Վերջին տարիներին նրա մոտ Պարկինսոնի հիվանդություն էր ախտորոշվել, ինչի պատճառով նախկին քաղաքական գործիչն ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: