Սալոմե Զուրաբիշվիլին և Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել են Հավլաբարի նախագահական պալատում (լուսանկարներ, տեսանյութ)
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, նրանց հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում՝ Հավլաբարի նախագահական պալատում:
Ինչպես փոխանցում է newsgeorgia.ge կայքը, քաղաքական գործիչները քննարկել են նախագահական լիազորությունների փոխանցման գործընթացի մանրամասները, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:
Մարգվելաշվիլին շնորհավորել է նորընտիր նախագահին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրան երկրի բարօրությանն ուղղված իր հետագա գործունեության մեջ:
Իր հերթին, Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել գործող նախագահին լիազորությունների փոխանցումը ժողովրդավարական նորմերին համապատասխան իրականացնելու համար:
Նշվում է, որ հանդիպման առաջին մասին մասնակցել են նաև գործող նախագահ Մարգվելաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին և նորընտիր նախագահ Զուրաբիշվիլիի ապագա թիմի անդամ Լաշա Ժվանիան, որոնք ավելի ուշ առանձնազրույց են ունեցել: