Հարդագողի ճանապարհը ծածկում էր «անտեսանելի» գալակտիկան
Մինչեւ վերջին ժամանակները Հարդագողի ճանապարհի ծայրամասերում գոտիներ կային, որոնք անհնար էր դիտարկել գալակտիկայի վառ սկավառակի պատճառով: Մի քանի աստղագետներ ենթադրում էին, որ սկավառակի հետեւում կան եւս մի քանի՝ առայժմ անհայտ արբանյակ գալակտիկաներ: Այդպիսի առաջին գալակտիկայի հայտնագործմանն օգնել են Gaia եվրոպական տիեզերական աստղադիտակի վերջին տվյալները, հայտնում է Наука и Жизнь-ը:
Աստղադիտակից ստացված տեղեկատվության մեջ տվյալներ կան 1,3 մլրդ աստղերի կոորդինատների մասին, իսկ աստղագետների համար ամենաարժեքավորը դրանցից մի քանի միլիոնի արագությունների մասին են: Թայվանի Սինիկա ակադեմիայից Գաբրիել Թորեալբան եւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի ու Գերմանիայի համալսարաններից նրա գործընկերները կարողացել են գաճաճ գալակտիկայի լուսարձակումն առանձնացնել Հարդագողի ճանապարհի սկավառակի աստղերից արձակվող լույսից եւ գազից: Գտնված գալակտիկան գտնվում է Պոմպ համաստեղությունում՝ մեզնից մոտ 424 հազար լուսատարի հեռավորությամբ: Հետազոտողներն այն անվանել են Antlia 2:
Ի դեպ, մասնագետներին զարմացրել է ոչ այնքան գաճաճ գալակտիկայի հայտնաբերումը, որքան դրա արտասովոր հատկությունները: Գալակտիկան չափազանց աղոտ լույս է արձակում, եւ եթե մասնագետների հաշվարկները ճիշտ են, ապա Antlia 2-ը բոլոր հայտնի գալակտիկաներից ամենաաղոտն է: Համանման չափերի մյուս գալակտիկաները սովորաբար մի քանի հազար անգամ ավելի պայծառ են:
Աղոտ գալակտիկանները սկզբունքորեն վաղուց ի վեր նորություն չեն: Աստղագետները 1984 թվականից հայտնաբերել են մի քանի գերցրված գալակտիկաներ, որոնք գրեթե 100 անգամ պակաս լույս են արձակում, քան նույն չափի նրանց եղբայրակիցները: Որոշ մասնագետների կարծիքով՝ այսպիսի գալակտիկաներում չափից ավելի քիչ գազ կա նոր աստղերի հայտնվելու համար: Առայժմ մինչեւ վերջ հայտնի չէ, թե գերցրված գալակտիկաներում գազն ինչպես է անհետանում: Սակայն անգամ գերցրված գալակտիկաններն Antlia 2-ի կողքին ավելի պայծառ կթվային, պարզաբանել են arXiv.org-ի հրապարակման հեղինակները: Հետազոտողները հույս ունեն, որ տիեզերական աստղադիտակի տվյալների բազան առավել մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում հնարավոր կլինի վկայություններ գտնել նաեւ այլ արբանյակ գալակտիկաների գոյության մասին:
Առաջիկա երեք տարիներին մեզ սպասում է Gaia աստղադիտակից տեղեկությունների նոր չափաքանակ աստղերի պայծառության եւ շարժման մասին: Հնարավոր է՝ աստղագետները դրա օգնությամբ կկարողանան ճշգրիտ որոշել, թե որտեղից է մեզ մոտ թռչել խորհրդավոր Օումուամուա աստերոիդը, որի համար կան միայն մի քանի թեկնածու աստղեր: