Թաիլանդում հարյուրավոր շնաձկներ «օկուպացրել» են հանրահայտ լողափը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր շնաձկներ ազատ լողում թաիլանդական Փհի-Փհի-Լե կղզու հայտնի Մայա լողափի մոտ, որտեղ ժամանակին նկարահանվել է Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ հանրահայտ «Լողափ» ֆիլմը:
AFP պարբերականի տվյալներով՝ Մայա լողափը ժամանակավորապես փակ է այցելուների համար էկոլոգիական խնդիրների պատճառով, ուստի բնապահպանները դրական են գնահատել այս կադրերը: Նրանց խոսքով՝ կղզին զբոսաշրջիկների համար փակելուց վեց ամիս անց նկարահանված այս տեսանյութը կարող է լինել կղզու վերականգնման մասին վկայող «դրական նշան»:
Նշենք, որ լողափը փակելու պատճառը զբոսաշրջիկների հոսքի հետևանքով էկոբալանսի խախտումն ու կորալների ոչնչացումն էր: Լողափը փակվել է հունիս ամսին: Ենթադրվում էր, որ կես տարում լողափի էկոհամակարգը պետք է կարգավորվեր, ինչը, մասնագետների կարծիքով, տեղի չի ունեցել, ուստի զբոսաշրջիկներին մինչ օրս արգելվում է այնտեղ լողալ: