ԱՄՆ պետդեպը շնորհավորել է Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, սակայն քվեարկության ընթացքում մի շարք խախտումների առնչությամբ կիսում է ԵԱՀԿ-ի մտահոգությունը, գրում Է РИА Новости-ն՝ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարությանը հղումով:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ», - ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականը այն մասին, որ Վրաստանում նախագահական մրցապայքարը մրցունակ է եղել և որ թեկնածուները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել», - ասել է Նաուերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կիսում է խախտումների առնչությամբ դիտորդական առաքելության և այլ միջազգային ու ազգային դիտորդների մտահոգությունը, քանի որ նման գործողությունները չեն համապատասխանում Վրաստանի` արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հանձնառությանը: Պետքարտուղարության ներկայացուցիչը կոչ է արել իշխանություններին վերացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ դիտորդների կողմից նկատված թերությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել էր 59,52% ձայն: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ստացել էր 40,48% ձայն: Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: