Շփոթված Մակրոնը. Ֆրանսիայի նախագահին Արգենտինայում չեն դիմավորել օդանավից իջնելիս (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, G20-ի գագաթնաժողովին մասնակցության համար ժամանելով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, հայտնվել է անհարմար իրավիճակում՝ հայտնաբերելով, որ նրանց դիմավորող արգենտինյան պատվիրակությունը տեղում չէ:
Ինչպես գրում է lenta.ru-ն, Մակրոնը մի քանի անգամ շփոթված նայել է շուրջը՝ փորձելով տեսադաշտում գտնել իրենց դիմավորողներին: Այնուհետև Մակրոնը սեղմել է անվտանգության աշխատակցի ու օդանավակայանի՝ դեղին բաճկոնով աշխատակցի ձեռքը: Իջնելով շարժասանդուղքից՝ Մակրոնը սեղմել է ևս երկու անծանոթ տղամարդկանց ձեռքը:
Պարզվում է, որ Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին, որը պետք է դիմավորեր Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը, տեղում չի եղել կազմակերպչական խնդիրների պատճառով: Նա հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Մակրոն ամուսինները մոտեցել են մեքենային:
Ներողություն խնդրելով պատահածի համար՝ Արգենտինայի փոխնախագահը նշել է, որ խնդիրը կազմակերպչական էր: