«Թուրքիայում մամուլն ունի երկու ընտրություն՝ կա՛մ գովաբանել սուլթանին, կա՛մ լինել ազատ ու ճնշումների ենթարկվել». Կարո Փայլան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում մամուլն ունի երկու ընտրություն՝ կա՛մ գովաբանել իշխանություններին, կա՛մ ենթարկվել տարատեսակ բռնաճնշումների: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը:
Ինչպես տեղեկանում ենք հայազգի պատգամավորի Twitter-ի պաշտոնական էջից՝ Փայլանը քննադատել է իշխանամետ թերթերին՝ հատ-հատ ցուցադրելով դրանք Մեջլիսի առաջ: Պատգամավորը, մասնավորապես, ցուցադրել է իշխանամետ «Սաբահ», «Յենի Շաֆաք», «Սթար», «Միլլիյեթ», «Թուրքիյե» և մի շարք այլ թերթեր՝ ամոթանք տալով դրանց ղեկավարներին ու լրագրողներին: Այդ ընթացքում Փայլանի խոսքերն ուղեկցվել են խորհրդարանի շարքերից բարձր ծափահարություններով:
«Այս ժամանակաշրջանում Թուրքիայում մամուլի ներկայացուցիչների առաջ երկու ընտրություն կա. կա՛մ պիտի այս թերթերի նման լինեք ու ասեք՝ «Շա՛տ ապրես, մեր սուլթան», կա՛մ ազատ մամուլ լինեք: Բայց ազատ մամուլ լինելն էլ իր գինն ունի. կալանավորումներ, ճնշումներ, գովազդի էմբարգո», - ասել է Փայլանը՝ շեշտելով, որ բազմաթիվ գովազդատուներ խտրական վերաբերմունք են ցուցաբերում լրատվամիջոցների հանդեպ՝ ընդդիմադիր թերթերին գովազդ չպատվիրելով:
«Նրանց նպատակն է, որ այս թերթերը չկարդան, որ մարդիկ չմտածեն, հարցեր չտան, չքննադատեն: Սակայն իմացեք, որ չքննադատելով վատություն եք անում առաջին հերթին (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանին: Քանի որ քննադատության չենթարկվող ցանկացած ուժ սխալներ է թույլ տալիս»,- նշել է հայազգի պատգամավորը: