Համշենում պատմական կամուրջը փլուզման վտանգի տակ է հայտնվել (լուսանկարներ)
Թուրքիայի տարածքում գտնվող Ռիզե նահանգի (պատմական Համշեն) Չաելի շրջանում 300 տարվա պատմական կամուրջը հայտնվել է փլուզման վտանգի տակ, այս մասին տեղեկացնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Հայտնի է, որ վերջերս շրջանում անցկացված ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ բուլդոզերը վնասել է կամրջի մի հատվածը:
Բնակիչներն ահազանգել են, որ դա կարող է հանգեցնել պատմական կամրջի ամբողջական փլուզմանը: Շատերը շեշտել են, որ դարեր շարունակ կանգուն մնացած ու բազմաթիվ ջրհեղեղների դիմակայած կամուրջն իշխանությունների ձեռքով այժմ կարող է ոչնչանալ:
Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի):