Մելանյա Թրամփը վառել է ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող այգում վառել է գլխավոր տոնածառի լույսերը, գրում է The Hill-ը:
Նախագահական զույգը եղել է փամփշտակայուն ապակու ետևում՝ նախագահական խորհրդանիշ ունեցող հարթակի վրա: Նախագահը կրել է իր ավանդական երկար սև վերարկուն, իսկ առաջին տիկինն ամբողջությամբ սպիտակ հագուստով է եղել:
Նախագահ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել, ապա արարողության հյուրերի հետ սկսել է հետհաշվարկը, որի վերջում Մելանյան սեղմել է կոճակը, և տոնածառի լույսերը վառվել են:
Դրանից հետո նախագահական զույգը նստել է առաջին շարքում և հետևել արտիստների՝ սուրբծննդյան տոների թեմայով կատարումներին:
Առաջին անգամ սուրբծննդյան տոնածառը տեղադրվել է 1923թ.-ին՝ Սպիտակ տան հարավային մասում: Նախագահ Քալվին Քուլիջը, որի հայրենի նահանգից էլ բերվել էր եղևնին, առաջին անգամ վառել է տոնածառի լույսերը: Այդ ժամանակներից է սկիզբ առնում նախագահական զույգի կողմից սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդույթը: