Գլխավոր դատախազը գուցե փորձում է սրբագրել սխալները. Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցութունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը մտածելու տեղիք է տալիս։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
«Տարբերականերից մեկն այն է, որ հանրապետության 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար գլխավոր դատախազը որոշել է գալ, դա հարգանքի նշան է, եւ երկրորդ տարբերակ՝ գուցե եւ փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»,- ասաց Սահակյանը: Անդրադառնալով գլխավոր դատախազի՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ հայտարարությանը, Սահակյանն ասաց, որ ինքը բացարձակապես համաձայն չէ դատախազի հետ, սակայն դահլիճում կասի, թե ինչու:
Նշենք, որ այսօր պաշտպանական կողմը պատրաստվում է մի շարք միջնորդություններ ներկայացնել:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում էր հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ դա գիտի միայն դատարանը»,- ասել էր Դավթյանը:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է ՝ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am