Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված հարցը կքննվի նաեւ վաղը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ երեկվա նիստին անձամբ ներկա էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել էր, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատարանից ժամանակ են պահանջել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ ներկայացնելու համար։
Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, թե դատավորը մերժել է ինքնաբացարկի իրենց միջնորդությունը։
Նիստը կշարունակվի վաղը ժամը 11-ին: