Գիտնականները զգուշացրել են շաբաթական ավելի քան 50 ժամ աշխատանքի մասին
Այս թեմայով
Երկարատեւ ու ծանր աշխատանքը բացասաբար է անդրադառնում ֆրանսիացի կանանց եւ տղամարդկանց հոգեբանության վրա: Նման եզրահանգման են եկել Պյեր Դեքերի հիմնադրամի (մասնագիտանում է հոգեկան առողջության հարցերի ուսումնասիրության վրա) աշխատակիցները՝ հետազոտությունն իրականացնելով Ipsos սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի եւ Մշակույթի եւ առեւտրի ոլորտի աշխատողների ազգային միավորման փորձագետների (Cnam) աջակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատունակ բնակչության հինգերորդ մասի, այսինքն ֆրանսիացի կանանց եւ տղամարդկանց 22 տոկոսի մոտ աշխատանքային գործունեության պատճառով անհանգստություն է առաջացել, որը հոգեկան խանգարման վերաճելու միտում ունի: Ընդ որում զգալի բացասական հետեւանք է թողնում այն, որ նրանց համար չափազանց դժվար է աշխատանքը նորմալ ընտանեկան կյանքի հետ համատեղելը: Նման իրավիճակում է հարցվածների 15 տոկոսը, ընդ որում այդ խմբում 45 տոկոսի մոտ հոգեկան խանգարումների զարգացման իրական վտանգ կա:
Հետազոտությունը մատնանշում է, որ աշխատանքի պատճառով հոգեկան հիվանդությունների զարգացումն ավելի հավանական է կանանց (26 տոկոս), քան տղամարդկանց մոտ (19 տոկոս):
Բացի այդ այս միտումն ավելի ցայտուն է շաբաթական ավելի քան 50 ժամ աշխատող մարդկանց մոտ:
Աշխատանքն ավելի ուժեղ բացասական ազդեցություն ունի նաեւ այն մարդկանց վրա, որոնք մշտական աշխատատեղ չունեն: Նման խմբում են նաեւ ցածր աշխատավարձով մարդիկ (30 տոկոս), որոնց տարեկան եկամուտը 15 հազար եվրոյից պակաս է:
Քաղաքացիների վրա ազդում է նաեւ տրանսպորտի ոլորտն իր անհարմարություններով. այն բացասաբար է ազդում ֆրանսիացի կանանց եւ տղամարդկանց 28 տոկոսի հոգեբանության վրա, որոնք օրական առնվազն 1,5 ժամ են անցկացնում տրանսպորտում:
Բարդ հոգեկան վիճակում են նաեւ այն աշխատողները (28 տոկոս), որոնք ստիպված են իրենց ընտանիքում հաշմանդամներին օգնել կամ իրենք են հաշմանդամ: