«Ինչո՞ւ են քրիստոնյաները, հրեաները և այլ կրոններ դավանողները ծառայում թուրքական բանակում». Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՊՆ-ին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը հարց է ուղղել երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ կապված նրա այն հայտարարությունների հետ, որոնցով նա թուրքական ԶՈւ-ն կոչել էր «Իսլամի վերջին բանակ»:
Ինչպես փոխանցում է թուրքական T24 կայքը, Փայլանը քննադատել է նախարարի նման արտահայտությունը՝ հարցնելով, թե ինչու են նման դեպքում թուրքական բանակ զորակոչվում նաև քրիստոնեություն, հուդայականություն և այլ կրոններ դավանող քաղաքացիներ:
«Թուրքիայի բանակն իսլամական բանա՞կ է։ Եթե այո, ինչո՞ւ են քրիստոնյաները, հրեաները և այլ կրոններ դավանողները ծառայում այդ բանակում», - հարցրել է հայազգի պատգամավորը:
Ի պատասխան դրա Աքարը մեջբերել է Թուրքիայի սահմանադրության այն կետը, ըստ որի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և 20 տարեկանը լրացած յուրաքանչյուր տղամարդ ենթակա է զինվորական ծառայության՝ առանց կրոնական խտրականության։
Փայլանը նաև նախարարի ուշադրությունն է հրավիրել բանակում զինվորների՝ կասկածելի մահերի դեպքերին, որոնց մի մասի հիմքում, ըստ պատգամավորի, ընկած են նաև կրոնական ու ազգային խտրականության դրսևորումները: Հայազգի պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության դեպքը, որի մեղավորները չեն պատժվել մինչ օրս:
«Ձեր հիշատակած հանցանքն ապացուցող որևէ տեղեկություն, ահազանգ կամ զեկույց ներկայացված չէ», - պատասխանել է նախարարը:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում: Նա սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է: Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշության հետևանքով: