Հայտնի թուրք խոհարարը դանակից «կերակրել է» Կադիրովին (տեսանյութ)
Այս թեմայով
Հայտնի թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն, որը համընդհանուր ճանաչում է ստացել իր մասնակցությամբ վիրուսային տեսանյութի տարածումից հետո, Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող սեփական ռեստորանում ընդունել է Չեչնիայի ղեկավարը Ռամզան Կադիրովին ու անձամբ հյուրասիրել նրան իր պատրաստած մսային ուտեստով: Հատկանշական է, որ խոհարարը Կադիրովին «կերակրել» է անմիջապես դանակի ծայրից:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Գյոքչեն կտրում մատուցված միսը, իրեն հատուկ ձևով աղ ցանում դրա վրա, ու ուտեստի մեկ կտորը դանակի ծայրով մոտեցնում Կադիրովին, որն էլ ուտում է միսը:
Չեչնիայի ղեկավարը հեռախոսով նկարահանել է «շոուի» ամբողջ ընթացքը:
Նշենք, որ համացանցի միջոցով հայտնի դարձած և Salt Bae մականունը ստացած թուրք խոհարարն իր ռեստորաններն ունի Ստամբուլում, Դուբայում, Մայամիում, Նյու Յորքում և այլ մեծ քաղաքներում: Նրա ռեստորաններ են այցելել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն ու հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն: Բոլոր պատվավոր հյուրերին Նուսրեթ Գյոքչեն սպասարկում է անձամբ: