Եվրոպայի խորհուրդը պատասխանել է ՄԻԵԴ-ի որոշումն ընդունել հրաժարվող Էրդողանին
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին բանտից անհապաղ ազատելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չընդունելու հայտարարությանը:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Եվրոպայի խորհրդից նշել են, որ հույս ունեն, որ Թուրքիան հնարավորինս կարճ ժամկետներում կիրականացնի առաջադրված պահանջը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մաուրի Պասքերը հայտարարության մեջ շեշտել է, որ երկրում խորհրդարանի անդամի կալանավորումն ազդում է ոչ միայն նրա անձի ու անհատական, այլև ամբողջ խորհրդարանի՝ ազատ և ժողովրդավար պայմաններում գործունեության վրա, ինչպես նաև սպառնալիք է ամբողջ երկրում ժողովրդավարական նորմերի տարածման համար:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն: Նա պետք է ազատ արձակվի, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն պատգամավորին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու կայացված որոշումը: