Էրդողանը հրաժարվել է հանդիպել Անկարա ժամանած Ֆեդերիկա Մոգերինիի և Յոհաննես Հանի հետ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի հանդիպման նախօրեին ժամանել են Անկարա, տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հատկանշական է, որ ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չեն հանդիպել:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման չկայանալու պատճառը ԵՄ կողմը չէ. Էրդողանը մերժել է Մոգերինիին և Հանին ընդունելու առաջարկը, չնայած՝ գտնվել է Անկարայում և այդ ժամին իր օրակարգում անհետաձգելի հանդիպումներ չի ունեցել:
Ավելի վաղ Յոհանես Հանը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններն ու այդ երկրի հետ հարաբերությունների զարգացման այլ ճանապարհ ընտրի, ինչն ավելի անկեղծ կլիներ:
Նույն ժամանակահատվածում Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու Մանֆրեդ Վեբերը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում՝ կդադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները: