«Զուգադիպություն է». Օսիպյանը՝ ՌԴ–ում Միքայել Հարությունյանի եւ Վահագն Հարությունյանի չհայտնաբերման մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձել է հարցին, թե ինչու Մարտի 1-ի գործով մեղադրյալ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը չի հայտնաբերում այն դեպքում, երբ հանգիստ հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին։
NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառը, արդյոք Ինտերպոլն է թերի աշխատում, որին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Հետախուզվողներ են լինում, որոնց համար տարիներ են պետք։ Այնպիսի հանգամանքներ են լինում, երբ հետախուզվողներ են լինում, որոնք ամիսներ, տարիներ անց նոր հայտնաբերվում են»։
Դիտարկմանը, որ նրա գտնվելու վայրը հայտնի է, ՌԴ–ում է, ոստիկանապետը նշեց. «Մեր գործընկերների հետ սերտ համագործակցում ենք»։
Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք միտում չի տեսնում այն բանում, որ ե՛ւ Միքայել Հարությունյանի, ե՛ւ Վահագն Հարությունյանի պարագայում ՌԴ իրավապահները հրաժարվում են համագործակցել հայ իրավապահների հետ, ապա հավելեց, որ ինքը ապաքաղաքական կառույց է ներկայացնում եւ չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել։ «Դա միգուցե զուգադիպություն է»,–եզրափակեց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: