Թրամփն ուզում էր քրեական հետապնդում նախաձեռնել Քլինթոնի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա գարնանը քննարկում էր արդարադատության նախարարությանը էքս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հանձնարարականը, հաղորդում է The New York Times-ը:
Թրամփը Սպիտակ տան արդեն նախկին իրավախորհրդատու Դոնալդ Մաքգանին հայտնել էր, որ ցանկանում է արդարադատության նախարարությանը հանձնարարել քրեական հետապնդում սկսել Քլինթոնի և Կոմիի նկատմամբ: Մաքգանն ի պատասխան ընդգծել էր, որ նախագահն այդպիսի լիազորություններ չունի, հաղորդում է պարբերականը:
Իրավախորհրդատուն Թրամփին ասել էր, որ նա կարող է պահանջել հետաքննություն իրականացնել այդ երկու անձանց նկատմամբ՝ նրանց կողմից հնարավոր իրավախախտումների փաստով, սակայն քրեական հետապնդում իրականացնելու որոշումը և պաշտոնական մեղադրանքներ առաջադրելը ավանդաբար անում է հենց արդարադատության նախարարությունը:
Ընդ որում, Մաքգանը հասկացրել էր, որ եթե նույնիսկ նախագահը պահանջի այդպիսի հետաքննություն, ապա այդ քայլը կբերի մի շարք բացասական հետևանքներ: Թրամփին կմեղադրեին իշխանության չարաշահման մեջ, ինչն իմպիչմենտի պոտենցիալ վտանգ է, նշում է պարբերականը: