Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը` ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի՝ պաշտպանության ոլորտում պաշտոնատար դեմքերի եռակողմ հանդիպումը ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարների հետ եռակողմ ձևաչափով հանդիպման ժամանակ:
Նախարարը հիշեցրել է, որ այս հանդիպումը երրորդ անգամ է անցկացվում:
«Հանդիպման գլխավոր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, երեք հարևան պետությունների կողմից իրականացվող ռազմավարական տնտեսական նախագծերի անվտանգության ապահովմանը, երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը», - ասել է Հասանովը:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում հանդիպում է տեղի ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի միջև: