Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել և սպիտակ ֆոսֆոր կիրառել, կան զոհեր
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքին՝ կիրառելով միջազգային հռչակագրերով արգելված ճերմակ ֆոսֆոր, այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Արաբական լրատվամիջոցները նշել են, որ ավիահարվածների հետևանքով Հաջինում զոհեր են գրանցվել, կան նաև վիրավորներ: Տուժածների ու մահացածների հստակ թիվը չի նշվում:
Սա կոալիցիայի առաջին նման հարվածը չէ Դեր Զորի և հատկապես Հաջին քաղաքի ուղղությամբ: Սիրիայում պարբերաբար ահազանգում են այս տարածքում ավիահարվածների հետևանքով զոհերի ու սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին: Անցյալ շաբաթ միջազգային կոալիցիայի հարվածի զոհ էին դարձել Ալ Բուքաան գյուղի բնակիչները:
Սիրիայի իշխանությունները պարբերաբար պահանջում են ՄԱԿ-ից միջոցներ ձեռնարկել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Սիրիայի իշխանությունների հետ չհամաձայնեցված գործողությունները երկրի տարածքում դադարեցնելու ուղղությամբ: Արևմուտքում, սակայն, հերքում են, որ ահաբեկչական կառույցների դեմ իրենց գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներ են զոհվում: