Կարո՞ղ է արդյոք միլիոնատերը Գերմանիայի կանցլեր դառնալ
Դեկտեմբերի սկզբին Համբուրգում Քրիստոնեա-դեմոկրատական միությունն իր համագումարում (ՔԴՄ) կընտրի նոր նախագահ: Անգելա Մերկելը որոշել է այլեւս չառաջադրվել: Այս պաշտոնում, որը հնարավոր ցատկահարթակ է կանցլերի կարիերայի համար, երեք հավակնորդներից մեկը Բունդեսթագում պահպանողակաների խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցն է, գրում է DW-ն:
Մինչեւ համագումարի օրը, նա, ինչպես եւ ՔԴՄ նախագահի մյուս թեկնածուները, շրջում է երկրով, ելույթ ունենում տարածաշրջանային կուսակցական համաժողովներին, պատասխանում շարքային քրիստոնեադեմոկրատների հարցերին, հարցազրույցներ տալիս: Ընդ որում միայն Մերցին են հարցնում իր եկամուտների մասին: Բանն այն է, որ 9 տարի առաջ նա բունդեսթագից հետո սկսեց բիզնեսով զբաղվել՝ դառնալով խոշոր ընկերությունների ֆինանսական եւ իրավաբանական խորհրդատուն եւ մտնելով մի քանի դիտորդական խորհուրդների մեջ: Ժամանակի ընթացքում Մերցը դարձավ միլիոնատեր:
«Աշխարհի շատ երկրներում տնտեսությունում բարձր վարձատրվող պաշտոններից բարձր քաղաքական պաշտոնների անցումը եւ հակառակը ընդունված երեւույթ է: Ամենաակնառու օրինակը ԱՄՆ-ն է», - ասել է պատմաբան Անդրեաս Ռյոդերը:
«ԱՄՆ-ն միշտ մրցակցության հասարակություն էր, որտեղ բիզնեսում հաջողության հասած մարդը, մյուսների համար օրինակ է դառնում», - DW-ին տված հարցազրույցում բացատրել է Ռյոդերը:
Տնտեսությունում հաջողակ մարդկանց հեղինակությունը բարձր է նաեւ Ասիայում: Կոմերսանտի կարիերան այստեղ հրաշալի հող է համարվում քաղաքական կարիերայի համար:
Գերմանիայում այդպես չէ: Մերցը երկար ժամանկ չէր խոստովանում, որ միլիոնատեր է: Ընդ որում նա ինչպես եւ նախկինում հրաժարվում է իրեն ֆիանսական էլիտային դասել, իրեն անվանում է միջին դասի վերին հատվածի ներկայացուցիչ: