Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)
ԱՄՆ-ում Google Maps քարտեզային ծառայությունը սխալ ուղղություն է ցույց տվել 24-ամյա տեխասցի ուսանողուհուն՝ ուղղորդելով նրան դեպի գոյություն չունեցող ճանապարհ, ինչի հետևանքով վերջինս ստիպված է եղել 5 օր անցկացնել անապատում: Այս մասին գրում է The Daily express-ը:
Էմբեր Վանհեկեն մեքենայով ուղևորվել է Արիզոնա նահանգում գտնվող Մեծ կիրճ: Համապատասխան հարցումը մուտքագրելուց հետո աղջիկը հետևել է նավիգատորի հրահանգներին, որը նրան ճանապարհից շեղել է:
Էմբերի խոսքով՝ շուրջը ոչ մի ճանապարհ չի եղել, և շուտով մութն ընկել է, բացի այդ՝ GPS համակարգն անջատվել է, մեքենայի բենզինը՝ վերջացել:
Արդյունքում Վանհեկեն ստիպված է եղել 5 օր սպասել: Այդ ամբողջ ընթացքում ճանապարհով անցել է միայն մի բեռնատար, որը, սակայն, չի կանգնել:
Աղջիկը սնվել է չոր մրգերով և ընկույզով: Հոգնելով սպասելուց՝ Էմբերը ոտքով 17 կմ ճանապարհ է անցել, որպեսզի բջջային կապի ծածկույթում հայտնվի և 911 զանգահարի: 90 րոպե անց նրան է մոտեցել շտապ օգնության ուղղաթիռը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: