Տնտեսությունն անկում է ապրում, սպառողական վարկերի թիվն էլ աճում
Ինչո՞վ է պայմանավորված ապառողական վարկ վերցնողների թվի աննախադեպ աճը: Բանկերից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում սպառողական վարկերի կտրուկ աճ է արձանագրվում: Ըստ երևույթին, մինչև տարեվերջ կհրապարակվեն նաև կոնկրետ վիճակագրական տվյալները։
Նշենք, որ սպառողական վարկ է տրամադրվում ֆիզիկական անձանց՝ սպառողական կարիքները հոգալու նպատակով։ Այսինքն, քաղաքացիները վարկ են վերցնում օրվա սպառողական կարիքները հոգալու համար, այլ ոչ թե կապիտալի ձեռք բերման կամ տնտեսության մեջ ներդրումներ անելու համար:
Եվ այսպես, կտրուկ աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում են վարկային կազմակերպություններին և բանկերին՝ սպառողական վարկ ստանալու նպատակով։ Այլ կերպ ասած, կտրուկ աճել է օրվա հացի խնդիր ունեցողների թիվը։
Այս տխուր փաստը առաջին ծիծեռնակն է հեղափոխությունից հետո արձնագրված գնաճի, որը իշխանության ներկայացուցիչները քարոզչական դաշտում համառորեն փորձում են թաքցնել՝ քողարկելով դրանք «գլամուրային» աղմկահարույց, բայց սին թեմաներով։ Իսկ բանկերին հիմա անհանգստացնում է մեկ այլ կարևոր հարց. ի վիճակի կլինի հաճախորդը վերադարձնել վարկը:
Վարձով տրվող և վաճառվող խանութների թիվն էլ քաղաքի կենտրոնում կրկին վկայում է տնտեսությունում առկա խնդիրների մասին:
Ցավալին այն է, որ ավելի տխուր իրողությունների ականատես կլինենք, երբ սեպտեմբերին արձանագրված զրոյական տնտեսական աճի ցուցանիշները սկսեն իրենց առօրյա ազդեցությունը՝ նոր գնաճի, գործազրկության և կոմունալ ծառայությունների գների բարձրացման տեսքով։
Նման իրավիճակում խիստ տարօրինակ է կառավարության լռությունը․ արդարանալու կամ հուսադրելու ոչ մի փորձ։ Առ այսօր երկու հստակ մեսիջ ենք ստացել այդ կառույցից․ «խորհրդարանը խանգարում է ներդրումներ բերել երկիր» և «ամեն ինչի պատճառը այն գործազուրկներն են, որ նստել են աշխատողների ուսերին»։
Առաջին թեզը այլևս ակտուալ չէ, իսկ երկրորդ թեզի արձագանքը առաջիկա ընտրություններում կլինի՝ 800 հազար կորսված քվեի տեսքով, իբրև խորը հիասթափության արտահայտում։
Հետաքրքիր է՝ որքա՞ն ժամանակ է կառավարությունը փորձելու քողարկել տնտեսական՝ արդեն վրա հասած ճգնաժամը, արդյոք մշակվում են այս իրավիճակից դուրս գալու ելքեր, ինչպիսի՞ ռազմավարություն է որդեգրել կառավարությունն այս հարցում։ Կարծում ենք՝ հրապարակներում որոշում կայացնելու ջատագով իշխանությունը նաև և հատկապե՛ս այս հարցում պետք է ազնիվ գտնվի հանրության նկատմամբ։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am