ԱՄՆ ներկայացուցչությունը նոյեմբերի 20-ին կներկայացնի սպանված եւ մաս-մաս արված Խաշոգջիի գործով զեկույցը
ԱՄՆ կառավարությունը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով ամբողջական զեկույցը կավարտի նոյեմբերի 20-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ ղեկավարի ու պետքարտուղարի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել է Խաշոգջիի սպանությունը։
Նա վաղաժամ է համարել լրատվամիջոցների հրապարակումներ, թե սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանը։ Սակայն նա նաեւ չի բացառել այդ տարբերակը։ «Նրանք ոչնչի չեն հասել, չափազանց շուտ է։ Սակայն դա հնարավոր է»,-հավելել է նախագահը։
Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց է ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Բայց հոկտեմբերի 25-ին սաուդցի դատախազը հայտարարել է, որ դա կանխամտածված սպանություն էր: Նշենք, որ Խաշոգջիի աճյունը դեռեւս չի գտնվել: Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am