Համացանցում «վրացական երգեր երգող» կատվի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել
Ռուս օգտատեր Յուրի Մերեժկոն Twitter-ում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի գլխավոր հերոսը՝ սևուսպիտակ կատուն, ըստ տեսանյութի հեղինակի, վրացական ազգային երգերի որոշ հատվածներին շատ նման ձայներ է հանում:
«Երբ կատուդ մի քանի վրացական երգ է սովորել ու որոշել է դրանք կատարել»,-տեսանյութին կից գրել է օգտատերը:
Հատկանշական է, որ տեսանյութը մեկնաբանողները նկատել են, որ կատուն իսկապես վրացական կերուխումների ժամանակ կատարվող երգեր է «երգում»:
«Միացրի, որ կատուս լսի, իսկ նա ինձ տարավ իր կերակրամանի մոտ: Նշանակում է՝ երգն իրոք կերուխումի է»,-գրել է օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ նշել է, որ իր կատուն տեսանյութը լսելուց հետո իրեն տարել է ճամպրուկի մոտ:
«Իսկ մեկ շաբաթից ես Վրաստան եմ մեկնում»,-մանրամասնել է նա:
Մի շարք օգտատերեր էլ հրաժարվել են հավատալ, որ այդ ձայները կատուն է հանում: