ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների ու տեղի բնակիչների միջև
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին՝ Պլայաս-դե-Տիխուանա շրջանում բախումներ են տեղի ունեցել հոնդուրասցի ներգաղթյալների ու տեղի բնակիչների միջև: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Jornada պորտալին:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ մեքսիկական Տիխուանա քաղաք է հասել 1-1.5 հազար և անգամ ավելի հոնդուրասցի, որոնք ապաստանել են Պլայաս-դե-Տիխուանայում՝ առաջացնելով տեղի բնակիչների վրդովմունքը: Վերջիններս վեճի են բռնվել ներգաղթյալների հետ, որից հետո սկսվել են բախումները: Տեղի բնակիչները պահանջում էին իշխանություններից տեղափոխել ներգաղփյալների ճամբարն իրենց տներից ավելի հեռու վայր:
Հաղորդվում է, որ հինգշաբթի առավոտյան Տիխուանա է ժամանել ներգաղթյալների ևս 22 ավտոբուս: Մի քանի հոնդուրասցի անգամ հատել են ԱՄՆ-ի սահմանը՝ անտեսելով զինվորականների ներկայությունը, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են: Այնուամենայնիվ՝ հաղորդվում է, որ ԱՄՆ սահմանային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առնվազն 9 ներգաղթյալի, այդ թվում՝ մի հղի կնոջ: