«Մեզ շատ մոտ, բայց շատ հեռու հարևանը». թուրք սյունակագիրը պատմել է Հայաստան կատարած տպավորիչ այցի մասին
Թուրք սյունակագիր Վելի Յալչընը պատմել է Հայաստան այցից հետո ունեցած տպավորությունների մասին և կոչ արել թուրքերին, մի կողմ դնելով կարծրատիպերը, անպայման այցելել հարևան Հայաստան:
Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ի էջերում թուրք սյունակագիրը նկատել է, որ թուրք հասարակությունը գրեթե տեղեկացված չէ Հայաստանի ու հայերի մասին:
«Եթե փողոցում մարդկանց հարցնես Թուրքիայի հարևան երկրների մասին, վստահ եմ, որ շատերի մտքով չի անցնի Հայաստանը: Մենք հաճախ չտեսնելու ենք տալիս մեզ այդքան մոտ հարևանին: Թուրքերի մեծ մասի ենթագիտակցության մեջ Հայաստանի ու հայերի հետ կապված ինչ-որ վախ կա: Մենք չենք հետաքրքրվում մեր հարևաններով: Նրանց հետ կապված ոչինչ չգիտենք, ոչինչ չենք տեսնում, չենք լսում: Իրան, Իրաք, Սիրիա, Բուլղարիա, Հունաստան, Հայաստան… Միայն մեր հարևաններին չէ, ամբողջ աշխարհին ենք այդպես նայում», - գրում է սյունակագիրը:
Յալչընը խոստովանել է, որ Հայաստանն իր սպասվածից ավելի գեղեցիկ ու հյուրընկալ էր, թեև ինքը միշտ էլ սիրել է հայերին: Սյունակագիրը հիշել է, որ հայաստանցիները շատ ջերմ են վերաբերվել իրեն, փորձել ամեն կերպ օգնել, ցույց տվել ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերը, ոմանք էլ անգամ ողջագուրվել են իր հետ՝ իմանալով, որ Թուրքիայից է:
«Ամեն հասարակության մեջ կան լավ ու վատ մարդիկ: Երևանում, Գյումրիում ու այլ քաղաքներում ինձ հանդիպեցին միայն լավերը: Բոլորին շատ սիրեցի: Թեև միշտ էլ սիրել եմ հայերին», - գրել է Յալչընը:
Նա կոչ է արել թուրքերին հնարավորության դեպքում առանց կաշկանդվելու մեկնել Հայաստան ու այստեղ անցկացնել իրենց արձակուրդները, միայն թե սահմանն անցնելուց առաջ անցակետում «աղբը նետել նախկինում ունեցած կարծրատիպերը»:
«Մեզ շատ մոտ, բայց շատ հեռու հարևանը… Երանի ավելի մոտ լինեինք», - եզրափակել է թուրք սյունակագիրը: