ԵՄ-ին պետք է տնտեսական ու ժողովրդավարական առումով կայուն Թուրքիա
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին մանրամասներ է հայտնել կառույցին ներկայացվելիք Թուրքիայի թեմայով իր նոր զեկույցի մասին, որով պատրաստվում է կոչ անել դադարեցնել այդ երկրի հետ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Փիրին նշել է, որ ներկա պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությունն իրատեսական չէ, և այդ ուղղությամբ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը:
Զեկուցողը նկատել է, որ թեև վերջին շրջանում ԵՄ-ն խստացրել է իր վերաբերմունքը Թուրքիայի իշանությունների նկատմամբ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է առավել մեղմ արտահայտվել եվրոպական երկրների մասին, այդ ամենը չի փոխում առկա իրականությունը:
«ԵՄ-ին պետք է տնտեսական ու ժողովրդավարական առումով կայուն Թուրքիա: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործվեն հնարավոր բոլոր լծակները Թուրքիան ԵՄ-ին ու ԵՄ արժեքներին կապված պահելու համար»,- ասել է Փիրին:
Նա զեկույցում նաև կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում ի կատար ածել ԵՄ անդամ դառնալու համար Թուրքիային առաջադրված 72 նախապայման հանդիսացող կետերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի գործող կանոնադրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը: