Հունաստանում վրացին դատապարտվել է 290 տարվա ազատազրկման
Հունական Սալոնիկ քաղաքի դատարանը ներգաղթյալների ապօրինի տեղափոխման համար 290 տարվա ազատազրկման է դատապարտել մի վրացու, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով efsyn.gr-ին:
Ներգաղթյալների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող հանցախումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած ավտովթարի հետաքննության ժամանակ, որի հետևանքով իրաքցի փախստական էր զոհվել:
2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում հանցախումբն 9 անգամ անօրինական ճանապարհով օտարերկրացիների խմբեր է տեղափոխել Թուրքիայից Սալոնիկ ու Աթենք:
Քննիչների կարծիքով՝ հանցախմբի պարագլուխը եղել է 290 տարվա ազատազրկման դատապարտված վրացին: Նրա հույն հանցակիցը դատապարտվել է 69 տարվա ազատազրկման, իսկ հանցախմբի մոլդովացի անդամը՝ 36 տարվա ազատազրկման, որին կավելացվի ևս 85 տարի, քանի որ նշված ՃՊՏ-ի ժամանակ վթարի ենթարկված մեքենայի ղեկին հենց նա է եղել: