Իռլանդիայի իշխանությունները որոշել են հետաքննել ՉԹՕ-ի հետ կապված դեպքը
Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի Ավիացիայի կառավարման վարչությունը հաստատել է ոչ պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ հետաքննություն է սկսել անհայտ թռչող օբյեկտներ նկատելու վերաբերյալ քաղաքացիական մի քանի ինքնաթիռների օդաչուների զեկույցներ հետքերով։ Խոսքը նույն օրը՝ 2018թ․ նոյեմբերի 9-ին, ներկայացված զեկույցների մասին է։
Այդ օրը առավոտյան Մոնրեալից Լոնդոն թռչող British Airways-ի օդաչուն կապվել է Shannon միջազգային օդանավակայանի օդային երթևեկության վարչության հետ և հետաքրքրվել,թե արդյոք ինչ-որ զորավարժություններ են անցկացվում մոտակայքում։
Նրան պատասխանել են, որ նման բան չկա։
Օդաչուն ասել է, որ անձնակազմի անդամները շատ վառ լույս են տեսել, այնուհետև ինքնաթիռի ձախ կողքով մեծ արագությամբ թռել անցել է չբացահայտված թռչող օբյեկտ։ Նման հաղորդագրություններ ստացվել են նաև այլ ինքնաթիռներից։ Օդաչուներից մեկը ասել է, որ սկզբում կարծել են, թե դրանք երկնաքարեր են, սակայն հետո փաստել են, որ նրանք բոլորովին այլ կերպ են պահում իրենց։
Իռլանդիայի Ավիացիայի կառավարման վարչությունը հայտնել է, որ նոյեմբերի 9-ին ստացված բոլոր զեկույցները գրանցված են և կուսումնասիրվեն։