2014թ. ի վեր ամենաթեժ բախումը. Իսրայելը ցույց է տվել ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանի ոչնչացման պահը (տեսանյութ)
Իսրայելի բանակն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող օբյեկտներին ուղղված ավիահարվածների իրականացման պահը:
Ֆիքսված կադրերում երևում է ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանի ոչնչացման պահը:
Տեսանյութին կից նշվում է, որ նախքան իսրայելական կողմի հարձակումը, Գազայի հատվածից ավելի քան 300 հրթիռ է արձակվել:
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները տեղեկություններ էին հավաքում Իսրայելի քաղաքացիների դեմ հարձակում գործելու նպատակով:
Բրիտանական Daily Mail պարբերականը նկատում է, որ սա 2014թ. ի վեր կողմերի միջև ամենաթեժ բախումն էր:
Մինչդեռ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ միջամտել Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «վերջ տալ Իսրայելի ագրեսիային»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Սդերոտ և Օֆակիմ քաղաքները:
Ի պատասխան հրթիռակոծության՝ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների դիրքերին, ինչի հետևանքով մահացել է 2 պաղեստինցի, ևս 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված տեղական «Ալ-Աքսա» հեռուստաընկերության շենքին, որը պատկանում է ՀԱՄԱՍ շարժմանը: