Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գիրքը Հայաստանի անկախացման տարիների մասին. (Տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։
Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ հանրության շրջանում հիմնական մասը դա չէր ակնկալում։ Այլ էր հարցն Արցախում, որտեղ «պերեստրոյկայից» ոգևորված՝ փորձում էին լուծել Արցախի խնդիրը։
ԽՍՀՄ-ում, ըստ Քոչարյանի, ժողովուրդների բարեկամությունը կեղծված էր, ու ամեն ինչ միավորված էր ծանր կենտրոնի՝ Մոսկվայի շուրջ։ Իսկ երբ այդ իրավիճակը փոխվեց, «ճաքերն» առաջացան ավելի թույլ տեղերում՝ ազգերի միջև սահմաններում։ Դա, ըստ երկրորդ նախագահի, բերեց ԽՍՀՄ փլուզման։